Քրիստոնեության մուտքը Հայաստան առաքելական շրջանում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադրության հետ կապված ավանդությունները, զրույցները մեզ կոնկրետ թվականներ չեն տալիս: Այս մասին և անցյալում և մեր ժամանակներում եկեղեցական շատ մասնագետների կողմից գրվել և մեկնաբանվել են, բայց դրանք հիմնականում կրկնել են միմյանց, գրեթե նոր ոչինչ չավելացնելով Հայաստանում առաքելական շրջանում քրիստոնեության տարածման պատմության լուսաբանմանը: Հիմնվելով հայ եկեղեցու այդ շրջանի սրբազան ավանդությունների վրա, այսօր ինչ որ չափով  հնարավորություն ունենք վերականգնելու  այն հնագույն աղբյուրները: Դրանք չորսն են. Լաբուբնա դպրի (ասորական), Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, մասամբ՝ Փավստոս Բյուզանդի և պատմահայր Խորենացու գործերը: Համաձայն այս աղբյուրների, որոնք գրվել են 4-րդ և 5-րդ դարերում, Հիսուսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, Աբգար թագավորին բուժելու: Լաբուբնայի մոտ եղած ավանդությունում ասվում է, որ ասորական հիվանդ Աբգար թագավորը մեծ ուրախություն ապրեց Հիսուսի կողմից խոստումը կատարված տեսնելով, երկրպագեց և աղոթքով բուժվեց: Աբգարի թույլտվությամբ Թադեոս առաքյալը անարգել, Եդեսիայում քարոզում է քրիստոնեությունը՝ ժողովրդին և իշխանական դասին քրիստոնյա մկրտելով: Աբգար թագավորը Թադեոս առաքյալին պարգևներ է  տալիս, որը սակայն, առաքյալը մերժում է ընդունել: Ըստ ասորական աղբյուրի, Թադեոս առաքյալը Եդեսիայից անցնում է Հայաստան: Անկախ ասորական այս աղբյուրից, Բյուզանդը տեղեկացնում է, որ Թադեոսը Հայաստանում քարոզել է, որից հետո հաստատել եպիսկոպոսական աթոռ: Հավանաբար Բյուզանդը օգտվել է Լաբուբնա ասորական հեղինակից: Մաղաքիա Արք. Օրմանյանը բացի Թադեոս-Դիդմոս առաքյալի մասին հիշատակումից բերում է մի այլ փաստարկ. <<Կա ուրիշ հայտնի Ավետարանէ  վկաեալ Թադեոս մը երկոտասաններուն մեջ (Մատթ. Ժ, Մարկոս Գ), որ կոչված է  ևս Ղեբեոս (Մատթ. Ժ-3) և Հուդա  (Ղուկ. Զ-16, Գործք 13), ըստ այսմ հնար է և թերևս ապահովագույնն է Հուդա-Թադեոսի անունով մեկն էլ մեր Թադեոսի առաքելությունը>>: Ազգապատում հատոր Ա էջ 23

Օրմանյանը Հուդա-Թադեոս առաքյալի Հայաստան գալու և այս անձնավորությանը Հուդա տեառնեղբոր հետ  նույնացնելը մեջբերելով՝ գրում է. <<Նախնական ավանդություն մը տեղի ունեցած է Հուդա-Թադեոսի առաքելության վրա, որ  հետ ժամանակաց Թադեոս-Դիդմոս ասորական ավանդության հետ խառնված ու շփոթված է, բայց չէ կըրցած նախնական ավանդությունը ջնջել  և անորոշ ներհակ հայտարարութեանց դուռ բացած է>>: Մեջբերելով այս մասին նաև Գրիգոր Տաթևացու խոսքը. <<Կենսաբուխ Սուրբ Ավետարանն զԹադեոս առաքեալն մեր երկոտասանից ասէ Ղեբեոս, որ անւանեցաւ Թադեոս, ոմանք յոթանասնիցն ասէն, զի յոթանասուն աշակերտացն գլուխ և վարդապետ էր>>:  Բերված օրնակները հաստատում են, որ այս Թադեոսը ոչ մի կապ չունի Հուդա տեառնեղբոր հետ, որովհետև Հուդա-Թադեոսի հետ կապված ավանդության համաձայն այս Թադեոսը քարոզեց Կապադովկիայում և Թիոփիլոսին ձեռնադրեց իր փոխարեն և ինքն անցավ Հայաստան, քարոզելով հասավ Պարսկաստան և այնտեղ ել նահատակվեց: Այս փաստն ըստ Օրմանյանի ընդունում են նաև լատինները և Թադեոսին ընդունում որպես Հայաստանի առաջին լուսավորիչներից մեկը:

Հայաստան քրիստոնեությունը մուտք գործելու երկու հավանական ճանապարհներ կային: Հրեաստանից հետո Սիրիան էր, որ մուտք գործեց քրիստոնեությունը Հիսուսի մահից հետո: Միջերկրականի ափերով Հիսուսի վարդապետությունը հասավ Փոքր Ասիա, Հունաստան և ապա արևմուտք: Փոքր Ասիայում այդ ժամանակ նշանավոր քրիստոնեական կենտրոն էր դառնում Կապադովկիան: Եկրորդ ճանապարհը Միջագետքն էր, որը Սիրիայի հարևանն էր: Միջագետքում էր գտնվում Մծբինը, որը խոշոր կենտրոն էր և պատմաական այդ ժամանակաշրջանում պատկանել է հայերին և նույնիսկ հիշվում է, որպես մայրաքաղաք (Լեո հատոր Ա էջ  451): Մծբինից արևմուտք Եդեսիան էր, որը քրիստոնեության կարևոր կենտրոն էր հենց առաջին դարից: Հայոց աշխարհի քրիստոնեացումը փաստորեն սկսվում է հենց Թադեոս առաքյալի Եդեսիայից Հայաստան մտնելու և քարոզելու պահից: Մեր այս ավանդությունները հաստատվում են նաև Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի վկայաբանությամբ, որը կարող ենք համարել գլխավոր աղբյուրներից՝ Հայաստանում քրիստոնեության և եկեղեցական նվիրապետության ծագման, շարունակման և հաստատման: Ավանդությունն ասում է, որ Հայաստանում Թադեոսի քարոզչությանը հավատացին շատերը, այդ թվում Սանատրուկ թագավորի (88-110թթ) դուստր Սանդուխտը: Թադեոս առաքյալը ոչ միայն քարոզել է, այլև Հայաստանում, Արտազում հաստատել եպիսկոպոսական աթոռ, որին ըստ ավանդության բազմել են մի շարք եպիսկոպոսներ: Ըստ հայկական աղբյուրների (Փ. Բյուզանդ, Մ. Խորենացի), Սանատրուկ թագավորի հրամանով Թադեոս առաքյալը մյուս քրիստոնյաների հետ նահատակվեց Արտազ գավառում 43 թվականին, որտեղ հետագայում առաքյալի շիրիմի վրա կառուցվեց պատմական Թադեի վանքը:

Բարդուղիմեոս առաքյալը Հիսուսի 12 առաքյալներից էր, որին ավետարանիչները հիշատակում են նաև Նաթանայել անունով: Այս առաքյալի Հայաստան գալու մասին հիշատակում են հայկական աղբյուրները: Պատմահայր Խորենացին նշում է, որ հայերին վիճակվեց նաև Բարդուղիմեոսը, որը նահատակվեց մեզ մոտ: Բարդուղիմեոս առաքյալի գործունեության առաջին շրջանը կապվում է պարսից երկրի հետ: Ըստ աղբյուրների նա քարոզում է նաև ասորաց երկրում և ապա անցնում է Հայաստան: Նա քարոզում է Սյունյաց նահանգում, անցնում Գողթն և Արտաշատ, որտեղ էլ ըստ ավանդության հանդիպում է Թադեոս առաքյալին: Այնուհետև Բարդուղիմեոս առաքյալը գնում է Վասպուրական, ապա Արտազ գավառ քարոզում և ապա նահատակվում է Աղբակում 66 թվականին: Հետագայում իր անունով կառուցվում է վանք (այժմ Թուրքիայի Պաշկալե քաղաք):

Հայաստանում քրիստոնեության տարածման առաքելական գործունեության հետ է կապված նաև մի քանի սրբություններ, որոնք կապվում են Հիսուսի կյանքի հետ և Հայաստան են բերվել Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ:

Ա. Սուրբ Գեղարդը

Բ. Անձեռակերտ պատկերը, որն այսօր Վատիկանում է:

Գ. Աստվածամոր պատկերը, որն առաքյալները նվիրեցին Բարդուղիմեոսին, որովհետև Աստվածամոր թաղման ժամանակ նա բացակայում էր:

Կասկածից վեր է, որ ավանդությունները կապված մեր առաջին լուսավորիչների հետ, իրենց հիմքում ունեն անժխտելի այն փաստերը, որոնք հաստատում են, որ Հիսուսի զույգ առաքյալները քարոզելով ու նահատակվելով Հայաստանում, իրենց մարտիրոսությամբ ավելի սրբացրին հայոց հողը՝ բերելով մեզ  Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որի ավազանում հայ ժողովուրդը մկրտվելով դարձավ Աստծո ժողովուրդ և ճշտեց իր տեղն ու դերը այս աշխարհում: Թե ինչու հայկական աղբյուրներում այդքան քիչ տեղեկություններ կան  հայ եկեղեցու առաքելական հիմնադիրների մասին շատ պարզ է. նախ մեր միջնադարյան հեղինակները երբեք չեն կասկածել առաքյալների Հայաստանում գործելու վերաբերյալ և ցանկացել են Ս. Գրիգոր Լուսավորչին բարձրացնել՝ վերագրելով նրան անհավատալի հրաշքներ՝ փորձելով ժամանակակից և հետագա սերունդներին Ս. Գրիգորին ներկայացնել ոչ միայն Հայաստանի լուսավորիչ, այլև հրաշագործ մի անձնավորություն: Անշուշտ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյլների քարոզչությանը հետևել է նաև հալածանքներ ու նահատակությունները: Երախտագետ մեր ժողովուրդը, որպես քրիստոնեության մարտիրոսներ, Սուրբ առաքյալների համար սահմանեց եկեղեցական տոներ: Այսպես Ս. Թադեոսի տոնը մեր եկեղեցին տոնակատարում է Հուլիս Օգոստոս ամիսներին Ս. Սանդուխտ կույսի հետ և Նոյեմբեր դեկտեմբերին որպես առաջին լուսավորիչներ:

Նկարը՝ Լիաննա Առաքելյանի

Leave a comment