Աստվածածնի Ավետման տոնը

Աստվածածնի-ավետման-օր

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածածնի Ավետումը, որը հաստատուն , անշարժ տոն է հիշատակում  է ապրիլի 7-ին: Այս օրը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և հրամանով հռչակվել է նաև մայրության ու  գեղեցկության օր և բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող  կանանց օրհնության կարգ: Մայրության գաղափարը գեղեցիկ, վեհ մի խորհուրդ է և զուր չէ, որ մայր ենք կոչում մեր եկեղեցին, հայրենիքը, հողն ու լեզուն: Այս Ավետիսով  էլ ավելի է արժևորվում մայրության գաղափարը՝ մարդկանց մեջ արթնացնում ու ձևավորում երախտագիտության խոր զգացում ու անմնացորդ նվիրվածություն: Աստվածապարգև այս մեծ խորհուրդն է, որ մարդկությանը մղում է խոնարհվելու, պաշտելու և սրբացնելու կյանք պարգևող, սնող և արարող մեր մայրերին:

<<Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եւ այդ կույսի անունը Մարիամ էր:  Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»:  Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես:  Նա մեծ կլինի  և Բարձրեալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և  նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա,  ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և  նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, եւ այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված.  որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից:>>

( Ղուկաս 1:26-38)

Leave a comment