Սուրբ Մյուռոնի մասին

fff

Կանաչ մեռոնը վկա արտահայտությունը անխոս վկա ու նվիրական խորհուրդ է հայ մարդու համար : Մեռոնը հունարեն բառ է, որը նշանակում է հոտավետ յուղ: Այն նվիրական սրբագործող ու շնորհաբաշխ  սուրբ յուղ է, որը լայն տարածում ունի եկեղեցական ծիսակարգում: Քրիստոնեական ավանդական մյուս եկեղեցիների նման Հայ առաքելական Ս. եկեղեցում ևս մյուռոնի պատրաստումը Աստվածաշնչական ակունքներ ունի. 

Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու  հինգ հարյուր սիկղ  ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, հինգ հարյուր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձեթ: Դրանցից կպատրաստես սուրբ օծության համար յուղ այնպես, ինչպես վարպետ յուղագործները ձեթ են պատրաստում: Այն սուրբ օծության համար յուղ թող լինի: (Ելից 30:22-26)

Հայ առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն օգտագործվել է դեռևս առաքելական ժամանակներից: Ավանդությունն ասում է, որ Ս. Թադեոս առաքյալը գալով Հայաստան իր հետ բերած յուղով օծում և բշժկում է Աբգար թագավորին: Մեր եկեղեցում մյուռոն օրհնելու շնորհը միմիայն Ամենայն Հայոց կաթողիկոսինն է:

Սուրբ մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու յուղն է, ապա բալասանը, որոնց խառնում են շուրջ քառասուն տեսակի անուշահոտ, հոտավետ, խունկերի, ծաղիկների, բույսերի արմատների միաշաղախ հեղուկը: Ամբողջ զանգվածը լցնում են կաթսայի մեջ, որն այնուհետև դնում են եռացող ջրով լցված մեկ ուրիշ կաթսայի մեջ, ու որտեղ  շուրջ երկու օր եփվում է ողջ զանգվածը՝ աղոթքների և սաղմոսների ներքո, այնուհետև թողնում են ևս երկու օր հանգստանալու մինչև օրհնության օրը:

Մեր եկեղեցում սուրբ մյուռոնով են կատարվում և սրբագործվում հետևյալ ծիսաարարողակարգերը՝ Ջրօրհնեքը, քահանաների, եպիսկոպոսների և կաթողիկոսի օծման արարողությունները և թագավորների օծումը:

Սուրբ Գրիգոր Նարեկացին Մյուռոնի մասին ասում է.

Խնկելի յուղն այս, պաշտելի ու երանելի, սոսկ ուղեղի պահանոցը

կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տա,

եթե տերունի կենսատու խաչովդ

չտյառնագրվի զարմանահրաշ օրհնալույս յուղն այս

հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին,

սկյութացուն ու հելլենին,

դժնի դուժին ու արհավրատեսիլ սոսկավիթխար շնագլխին,

ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին

Քրիստոսյան դարձնելով՝ քո անվամբ է կնքում,

ընծայում Սուրբ Հոգուդ և երկնային Հորդ հարազատ որդի հաստատում:

Բազմատեսակ են սրա հրաշալիքները

նախ՝ հարմարված նյութին, ապա՝ զորությանը:

Որովհետև ինչպես փայտեղեն անոթը քանի չի օծվել

հեշտությամբ ջարդվում է ու դառնում անպետք,

արժեզրկվում է, նույնպեսև մարդը՝ չօծված սրանով,

հեշտությամբ խորտակվում է և քեզանից հեռու լինելով՝ չի լուսավորվում:

Հիսուս սա քո մատն է, որով զարմանագործում ես հրաշալիքներ,

որովհետև նրա անգծելի կազմությամբ ու կարծր պահպանությամբ

պաշտպանելով ամենապատրաստ շրջաբերությամբ,

ծածկում է այլևայլ եկամուտ բաներից,

այնպես որ սրա մաքրությամբ օծվածը արյամբ չի ներկվի

և չի այլայլվի տխուր գույներով:

Եվ մանավանդ իր թափանցելի-խառնվելու հատկությամբ

հոգեպես մտնում է մեր թանձր մարմինը, ու եթե սաղմոսի անեծքը ձեթի պես

չարի բոլոր ոսկորներին է հասնում, որչափ առավել Հոգիդ

լույսի սույն ճարպով կյանք տալով ողջացնում է ներքին վերքերը անտեսանելի,

և այն խորքերից ազդումն է տալիս հագագի շունչին,

ներգործելով ծայրանդամների վերջը, մոռացնել տալիս մարմնի մահվան արկածները,

որովհետև, միշտ ահավոր, տեր Հիսուս Քրիստոս, քո կենսարար զորությունը

խառնված է սրան և բնակվում է նրա համար:

Ս. Գրիգոր Նարեկացի   Մատյան Ողբերգության   Բան ՂԳ , գլուխ ԺԲ

Leave a comment