Մտորումներ

DSC02865

Մարդն ապրելով խիստ ռեալ որոշակի հասարակական հանգամանքներում, ժամանակաշրջանում զարմանալիորեն կարող է զուրկ լինել այդ հանգամանքների ու ժամանակաշրջանի զգացողությունից և իմացությունից: Դրա փոխարեն մարդու միտքը կարող է լցվել տարատեսակ լուրջ ու անլուրջ գաղափարներով: Ահա այսպես, խիստ մարդկային, վեհ ու  գեղեցիկ նպատակներ ու գաղափարներ ունենալով՝ մարդը փորձում է իր չիմացած կյանքում հաստատել արդարության, ազնվության համակեցության իր սկզբունքները: Ահա հենց այստեղ է, ըստ իս, նրա պարտությունը, որը կարող է  անդավաճան ուղեկիցը լինել  ողջ կյանքի ընթացքում: Իհարկե չպետք է անտեսել, որ մարդու արարքների մեջ խելագարությունն ու կիսախելագարությունն ակնհայտ են, որը հոգեկան ու մտավոր զառանցանքի արդյունքն է: Մարդն իր գիտակցության մեջ ստեղծում է գոյություն չունեցող և միանգամայն անհնարին մի աշխարհի մտապատկեր և փորձում այն պարտադրել իրական կյանքին, կամ էլ հակառակը՝ իրական կյանքը տեսնել իր մտապատկերների ձևով: Աշխարհում ազնվություն, արդարություն հաստատելու նպատակով կռիվ տալով՝ մարդը, շատ հաճախ, և՛ իր և՛ ուրիշների դժբախտության պատճառ կարող է դառնալ: Եթե նույնիսկ փորձում է օգնության ձեռք մեկնել դիմացինին, շատ հաճախ կարող է հուսալքվել՝ արհամարանքի արժանանալով: Ահա այս ամենի մեջ պետք է տեսնել մեր օրերի հասարակական կյանքի և մարդու բնույթի էության մերկացումը, և չպետք է անտեսել չափազանց նուրբ հոգեբանական մի հանգամանք. հաճախ մարդը պարտվելիս, վախենում է, խուսափում է խոստովանել, որ տուժել է ինչ որ չարքերից, այլ սովորական երկրային մարդ արարածից, ինչպիսին որ ինքն է, որովհետև այդ դեպքում ստիպված կլինի լրջորեն մտածել, թե իմաստ ունի արդյոք իր պայքարը: Ահա  մարդու ողբերգական և միևնույն ժամանակ վեհ էությունը: Այստեղ տեղին է մեջբերել եվրոպական գրականության մեծերից Սերվանտեսի հայտնի Դոն Կիխոտ նորավեպի հերոսի տապանաքարին գրված միտքը. ՛՛ ապրեց խելագար ու մեռավ իմաստուն՛՛:

2 comments on “Մտորումներ

Leave a comment