Սիրո դասերը

107_5163

«ճիշտ դաստիարակությունը ոչ թե առատորեն բացվող քսակ է պահանջում, այլ շռայլորեն սիրող սիրտ»։ Մինչդեռ այնքա˜ն ծնողներ՝ սիրուց կուրացած ու «մյուսներից պակաս չլինելու» մարմաջով տոգորված, ոչինչ չեն խնայում սիրասուն զավակի բարեկեցությունն ապահովելու համար՝ արդյունքում վերածելով նրան ցինիկ ու անգութ սպառողի… Որովհետև մոռանում են, որ ճշմարիտ սերը ոչ միայն իրավունքներ է տալիս, այլև պարտավորեցնում է։

Շատ կարևոր է, որպեսզի երեխան վաղ հասակից տանը թեկուզ փոքրիկ պարտականություններ կատարի։ Եվ դա անի ոչ ստիպողաբար, այլ իր կարողությանն ու նախասիրություններին համապատասխան՝ մերձավորի հանդեպ սիրո և ուշադրության դրսևորմամբ։ Աշխատենք այս հարցում հետևողական լինել, քաջալերենք երեխային այնպես, որ բարին գործելը նրա համար աստիճանաբար սովորությունու պահանջ դառնա…

Եվ այս ամենը նրան պետք է սովորեցնենք մենք՝ ծնողներս։ Թող նա մեզնի՛ց իմանա «ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն» հրաշալի պատվիրանը, մեզնի՛ց սովորի զսպել ցանկությունները, մանրուքներում անգամ ազնիվ ու մաքրակենցաղ լինել։ Երբեք նրան ունկնդիր չդարձնենք մեր դատարկախոսությանն ու բամբասանքին, սրան-նրան դատելուն ու տրտնջոցին։ Այդ ամենի պատճառով մեզնից հիասթափվելու առիթ չտանք մեր երեխային, այլապես անդառնալի կորուստներ կունենանք…

Հոգեբաններն անհրաժեշտ են համարում երեխային նրբանկատորեն հաղորդակից դարձնել ընտանիքի մյուս անդամների հոգսերին, կարիքներին, ներգրավել ընտանիքի կյանքում ծագող ընդհանուր խնդիրների քննարկմանը և լուծմանը։ Օգնենք երեխային իրեն անչափ սիրված զգալ (առանց այդ համոզմունքի նրա հոգեկանը լիարժեք զարգացում չի ունենա), բայց և գիտակցել, որ ինքն աշխարհի կենտրոնը չէ, և մյուսներն էլ սիրո ու հոգատարության կարիք ունեն։ Խրախուսենք ուրիշի հանդեպ ուշադրության ամենափոքր իսկ դրսևորումը։

Մենք՝ հայերս, սիրում ենք ամենահամեղ պատառը տալ մեր պաշտելի զավակին, սակայն թող նա չկարծի, թե մենք պարտավոր ենք դա անել։ Ձեռքը տիրաբար ամենալավ կտորին կամ, ասենք, վերջին խնձորին մեկնելու փոխարեն թող նախ հետաքրքրվի՝ արդյո՞ք մյուսներն էլ ճաշակել են դրանից, կամ նույնիսկ ինքն էլ չուտի, այլ պահի փոքրիկ քույրիկի կամ աշխատանքից ուշ տուն վերադարձող ընտանիքի անդամի համար։ Սիրո գործերում օրինակ ծառայենք մեր զավակների համար ու մասնակից դարձնենք ուրիշին կարեկից լինելու կամ անշահախնդիր օգնելու ուրախությանը։ Դրա համար ամենևին ինչ-որ հոգևոր սխրանք կամ մեծ զոհողություն չի պահանջվում։ Շատերը սխալմամբ կարծում են, թե հնարավոր է որևէ հրաշքով սրբի վերածվել ու Երկնային Արքայությունում հայտնվել։ Իսկ երբ դա չի հաջողվում, հուսահատության գիրկն են ընկնում։ Մինչդեռ, ինչպես հոգևոր հայրերն են ասում, «Կենաց ծառին պատվաստվելու համար թեկուզ աննշան, բայց սրտանց արված գործն անգամ բավական կարող է լինել»։ Եկեք, ուրեմն, չզլանանք դիմացինին մի ժպիտ, մի բարի խոսք ավել շռայլել, մի բաժակ ջուր առաջարկել նրան, ով ծարավ է և կարիքավորին հույսի ու լույսի լիցք հաղորդել։ Եվ, որ ամենակարևորն է, օրական որոշակի պահեր տրամադրենք սրտագին աղոթքին կամ, եթե դա անհնար է, գոնե ամեն պարագայում «Փառք Քեզ, Աստվածն» ու «Մեղայ Աստծոն» չմոռանանք ու այդ սովորությունը փոխանցենք մեր զավակներին, որովհետև աղոթքը գործուն սիրո ամենազորեղ դրսևորումներից է։ Արտաքուստ աննկատ՝ այն խորհրդավոր մի զորությամբ ներգործում է կյանքի բոլոր հանգամանքներում, պայծառացնում մեր միտքը, մեղմում կրքերը, մաքրազատում հոգին ու հստակեցնում ուղին։ Ուստի աղոթքը քրիստոնեական դաստիարակության ամենաարդյունավետ միջոցն է։ Եկեք մշտապես, նույնիսկ երբ մեր զավակը խանձարուրում է, աղոթենք նրա համար։ Իսկ երբ նա մեծանա, սովորեցնենք ինքնուրույն և սրտանց (երբեք՝ պարտադրաբար) աղոթել։ Թող նրա աղոթքը Աստծո, Տիրամոր հետ ինքնաբուխ զրույց լինի և ոչ թե երեխայի համար անհասկանալի խոսքերի տաղտուկ կրկնություն։ Լավ կլինի, որ նա նաև երբեմն մեզ հետ միասին աղոթի, մանավանդ, երբ մտերիմներից մեկը դրա կարիքն ունի, այսինքն՝ հիվանդ է կամ փորձության մեջ։ Նման աղոթքը մեծապես նպաստում է ընտանիքում համերաշխ, փոխադարձ սիրով շաղախված մթնոլորտի ստեղծմանը։ Փոքր հասակում երեխան սովորաբար հաճույքով է դա անում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ դեռահասն ինչ-որ պատճառով հրաժարվում է աղոթել կամ նույնիսկ եկեղեցի գնալ։ Պնդելու, առավել ևս հուսահատվելու կարիք չկա։ Պարզապես պիտի ավելի շատ աղոթենք այդ զավակի համար, խնդրենք, որ Աստված մեղմի նրա սիրտն ու իմաստնություն տա։

Տեր-Գրիգորյան Կարինե, Հայրեր, մայրեր, որդիներ. – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2007

Leave a comment