Այդ ոչինչը ես եմ….

DSC02867 - Copy

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.

-Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

– Հետո՝ վեզիր:

– Հետո՞:

-Փոխարքա:

– Հետո՞:

-Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

Ըստ Ավ. Իսահակյանի

Leave a comment