Բարդի

MtArarat9

 

 

 

 

 

Ասում են, որ հայոց բարդիները ծնունդ են առել բռնակալ Բելի դեմ կռվի ժամանակ թշնամուն զարկած, բայց, ավա~ղ, զոհված զորականների արյունից: Դրա համար էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների: Բարդիների անտառ չի լինում, որովհետև Հայկ Նահապետի զինվորները փոքրաթիվ են եղել: Հայաստանի որ անկյունում էլ որ տեսնես նրանց, մենակ լինեն թե շարքի մեջ, հաղթողի պես բարձր են պահում իրենց գլուխները: Հպարտ են անչափ. երբեք չեն լալիս, ուրշներին գլուխ չեն տալիս: Պերճահասակ են, ճերմակաբուն, ճոխ սաղարթով, գեղեցկադեմ: Գարնանը բարդու սերմերը տերևներից բեկվում և քամու բերանն ընկած ձյան փաթիլների պես օդում ճոճվելով՝ հայկական հողից հայկական հողի մեջ են ընկնում, ծլարձակում ու բարդի դառնում:
Բարդիները հայոց հողմակոծ դրոշներն են, որոնց կողքով մի oրվա պես սուրացին խառնիճաղանջ, բազմալեզու հազարամյակները: Բարդիները կանաչ շատրվաններ են, որոնք մեղմացրին հայոց տոթակեզ դաշտերն ու լեռնապարերը ու զովություն բերեցին նրանց:
Հայոց Երվանդունի արքաներն ամեն տարի բարդու զվարճատոն են արել: Երկրի տարբեր կողմերից վեր են կացել եկել, հավաքվել են դպրության աստծու բոլոր նվիրյալները և իրենց ձոներն ասել բարդու ծառին: Մրցանակ շահած ձոները քրմերն արտասանել են մեհյաններում: Քրմերից հետո էլ այդ ձոները չեն կորսվել և իրենց շունչն են թողել մեր երկրում: Բանաստեղծական մեհյաններ են դարձել բարդիների լռասույզ կատարները: Լսողը հոգով է լսում բարդուն:
Մեկուկես դար է բարդի ծառի կյանքի սահմանը, գրեթե այնքան, որքան հին մարդունը: Բայց բարդին աննկատ վերընձյուղվում է ու մնում Հայոց աշխարհի ու հավերժության հասակակիցը:
Ըստ Հ. Խաչատրյանի

Նկարը՝ http://student-sites.net/xhtml_projects/LoriA/html-files/Greece.html կայքի

Leave a comment