ՆՅՈՒԹԵՐ

Էապէս բարի և ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս և զանասունս, և զսողունս և զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս և զընտանիս, և յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, և կացուցեր զնա տէր և իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, և եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն և ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամ խաբեցաւ փոքր և թեթև յանցմամբ, իսկ ես անթիւ և մեծամեծ յանցանաւք մեղանչեմ անդադար, ուստի և վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած ի վերայ խաչին: Եւ արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ և անոխակալ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս և մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յոր փչեցեր, և մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զոր ստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, և ի քեզ յուսամ, և ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի և հանդիպեցուսցես զիս, Տէ՛ր, թողութեան մեղաց և քաւութեան յանցանաց, և մասնակից արասցես զվրիպեալսարանց արդարոց և ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այսօրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

___________________________________________________________________

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել: Կոչվում է նաև խոստովանանք: Ապաշխարությունը արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում: Ապաշխարության խորհրդի պայմանները երեքն են. առաջինը անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջումն է գործած մեղքերի համար: Երկրորդը խոստովանությունն է՝ գործած մեղքի ընդունումը: Խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն (արձակում): Եկեղեցու առաջին դարերի խոստովանությունը հիմնականում հրապարակային էր, երբեմն՝ առանձնական կամ անհատական: Հետագայում առավելապես գործածվել է անհատական խոստովանությունը: Կաթոլիկ եկեղեցում ապաշխարողն իր մեղքերն առանձնաբար խոստովանում է հոգևորականին: Այդպես է եղել նաև Հայ եկեղեցում: Դվինի Բ եկեղեցական ժողովի (554) ԺԹ կանոնի համաձայն, կարգալույծ է արվել այն քահանան, որն իրեն ծածուկ խոստովանած մեղքերը հայտնել է ուրիշին: Իսկ նույն ժողովի ԺԸ կանոնը արգելել է քահանաներին վարձ վերցնել խոստովանողից: Հետագայում Հայ եկեղեցում անհատական խոստովանությունը փոխարինվել է հրապարակային կամ հավաքական խոստովանությամբ: Հրապարակային խոստովանության ձև է Հայ եկեղեցում պատարագիչ եկեղեցականի՝ Ս. Պատարագից առաջ, նախքան խորան բարձրանալը ներկաներից հրապարակավ թողություն խնդրելը. «Խոստովանիմ առաջի Աստծո և առաջի Տեր, հարք և եղբարք, զամենայն մեղս, զոր գործեալ եմ…ե (Ժամագիրք): Հրապարակային խոստովանությունը ժողովրդի ներկայությամբ անձնական մեղքերի հայտարարությունն է: Հոգևորականների համար ևս պարտադիր է խոստովանությունը: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետության, խոստովանությունը կատարվում է եկեղեցում, Աստծո պաշտոնյայի՝ խոստովանահոր առաջ: Միայն ձեռնադրված եկեղեցական է, որ իրավունք ունի մեղքերի թողություն տալու: Նախքան հաղորդությունը հավատացյալները ծնկի են գալիս քահանայի առաջ, և նրանցից մեկը կամ քահանան ընթերցում է Ժամագրքի սկզբում «Զղջման վերնագրով մեղաների շարքը, որը սկսվում է «Մեղա Ամենասուրբ Երրորդության աղոթքով: Մնացածները յուրաքանչյուր բաժնի ավարտին «Մեղա Աստծո խոսքերն են կրկնում: Քահանան ի պատասխան ասում է. «Աստված թողություն շնորհեսց: Ապա ընթերցվում են ապաշխարության սաղմոսները: Քահանան աղոթում է, որ Աստված լսի մեղավորի աղաչանքն ու խոստովանությունը՝ դարձնելով նրան Սուրբ Հոգու տաճար:

Աղբյուրը՝ http://ter-hambardzum.net/ կայքի

*********************************************************************************************

ԶՂՋՈՒՄՆ

Գրաբար

Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ:Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով՝ մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին՝ մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո’չ զյանձնառականսն կատարեցի եւ ո’չ ի հրաժարելեացն հեռացայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ՝ գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ: Զորն ասեմ, կամ զորն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ՝ մեղայ Աստուծոյ:

Հա’յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:

Աշխարհաբար 

Մեղանչեցի ամենասուրբ երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:

Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի  հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամաբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով): Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը  երազական գիջությամբ և անրջական գարշելի  աղտեղությամբ : Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով:         Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և  գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով:Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՛րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:

Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:

_____________________________________________________________________

ՍԱՂՄՈՍ ՁԵ

Խոնարհեցո՛, Տէր, զունկն քո եւ լո՛ւր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես:

Պահեա՛ զանձն իմ սուրբ  Տէ՛ր, եւ փրկեա՛ զծառայս քո, Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա՛ց ինձ, Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհնապազ. ուրա՛խ արա զանձն ծառայի քո, զի

առ քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:

Զի դո՛ւ, Տէ՛ր, քաղցր եւ ուղիղ ես, բազումողորմ առ ամենեսեան, որք կարդան առ քեզ:

Ունկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց, եւ նայեա՛ ի ձայն խնդրուածաց իմոց:

Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ:

Ոչ ոք է նման քեզ յաստուածս, Տէ՛ր, եւ ո՛չ ոք է որպէս զգործս քո:

Զամենայն ազգս զոր արարեր, եկեսցեն եւ երկիրպագեսցեն առաջի քո, Տէ՛ր, եւ փառաւոր արասցեն զանուն քո յաւիտեան:

Մեծ ես դու, Տէ՛ր, եւ առնես սքանչելիս, եւ դու միայն եւ Աստուած:

Առաջնորդեա՛ ինձ ի ճանապարհի քում, եւ գնացից ի ճշմարտութեան քում, եւ ուրախ եղիցի

սիրտ իմ երկնչիլ յանուանէ քումմէ:

Խոստովան եղէց առ քեզ, Տէր Աստուած իմ, բոլորով սրտիւ իմով եւ փառաւոր արարից զանուն քո յաւիտեան:

Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն քո, Տէ՛ր, եւ փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց:

Աստուած, անօրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ, եւ ո՛չ հա-

մարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:

Այլ դու, Տէր Աստուած իմ, գթած ես եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ. նա

յեա՛ առ իս եւ ողորմեա՛ ինձ:

Տո՛ւր զօրութիւն ծառայի քո. կեցո՛ զորդի աղախնոյ քո եւ արա՛ առ իս նշան բարութեան:

Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու Տէր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Այժմ եւ միշտ եւ յավիտեանս յավիտենից Ամէն:

 

One comment on “ՆՅՈՒԹԵՐ

  1. Pingback: Մխիթար Սեբաստացի (նախագիծ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Leave a comment