Կրոնի դերը նշանավոր մարդկանց կյանքում

DSC07041

 

 

 

 

 

 

 

 

Դեռևս 1859թ. Չարլզ Դարվինն (1809-1882) ապշեցրեց աշխարհին՝ հրապարակելով շատերի կարծիքով տխրահռչակ «Տեսակների ծագումը» վերնագրով իր գիրքը, որում նա շարադրեց էվոլյուցիայի մասին իր տեսությունը: Հնարավոր է, որ իր կյանքի վերջում Դարվինն աթեիստ դարձավ, սակայն միշտ չէ, որ նա աթեիստ էր: Դարվինը մեծացել և դաստիարակվել էր Անգլիկան եկեղեցու ավանդույթներով և անգամ կար ժամանակ, երբ ցանկանում էր հոգևորական դառնալ: Ինչը՞ ստիպեց նրան հրաժարվել քրիստոնեությունից: Շատերը ենթադրոմ էին, թե Դարվինը կորցրեց հավատն էվոլյուցիայի շուրջ իր համոզմունքների պատճառով: Սակայն այդպես չէ: Իր կյանքի վերջում Դարվինը պնդում էր, որ էվոլյուցիոն տեսությունը լիովին համատեղելի է քրիստոնեական հավատի հետ: Դարվինի՝ քրիստոնեությունից հրաժարման պատճառն ընդհանուր ոչինչ չուներ գիտության կամ էվոլյուցիայի հետ: Դա եղավ այն բանից հետո, երբ մահացավ Դարվինի 10-ամյա դուստրը, և Դարվինը դրանում մեղադրեց Աստծուն, Ով կարող է խլել մանուկների կյանքը: Իր կրած վշտի հետևանքով էլ Դարվինը դադարեց ընդհանրապես հավատալ Աստծուն:
***
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտն (1769-1821) ասել է. «Ալեքսանդր Մակեդոնացին, Օգոստոս Կեսարը, Կառլոս Մեծը և ես ինքս հիմնեցինք մեծ և հզոր կայսրություններ: Սակայն մեր տերությունները ստեղծվեցին բռնության և ուժի հիման վրա: Եվ միայն Քրիստոս ստեղծեց Իր կայսրությունը սիրո հիման վրա: Հիսուս ավելին էր քան սովորական մարդ… 1800 տարվա հեռավորությունից Հիսուս Քրիստոս դնում է դժվարություն ներկայացնող պահանջ՝ գերազանցող մյուս բոլոր պահանջները. Նա խնդրում է մարդկային սիրտ»:

***

Շվեյցարացի քաղաքական հործիչ, Սանկտ Պետերբուրգում ապագա Ալեքսանդր Առաջին կայսեր դաստիարակ Ֆրեդերիկ Ցեզար դե Լագարպը (1754-1838) ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ ահաբեկչության օրերին, ձերբակալվեց և բանտում փակվեց՝ ենթարկված լինելով մահապատժի ամենօրյա սպառնալիքին: Իր կյանքի այդ տխուր և մռայլ ժամանակաշրջանում նրա ձեռքն ընկավ Աստվածաշունչը, նա ընթերցեց Սուրբ Գիրքը և Աստծո հանդեպ հավատով լցվեց: Ազատվելով բանտից՝ նա դարձավ քրիստոնեական հավատի պաշտպանն ու ջատագովը:

***

Ռուս գիտնական, կոնստրուկտոր, հրթիռային ինժեներ և տիեզերական արբանյակների ու տիեզերանավերի ստեղծող Սերգեյ Պավլովիչ Կորոլյովը (1907-1966) հավատացյալ էր: Անշուշտ, նրա ամբողջ կյանքը հսկողության տակ էր, ուստի նա ստիպված էր եկեղեցի գնալ գաղտնաբար: Հայտնի է, որ նա զգալի միջոցներ էր նվիրաբերում վանքերին: Հետաքրքիր փաստ է, որ տիեզերագնացներից շատերը՝ թե ռուս և թե օտարազգի, հավատացյալ էին:

***

Ֆրանսիացի մեծ փիլիսոփա, գրող Վոլտերն (1694-1778) իր գրական ողջ գործունեությունը նվիրեց «կրոնական նախապաշարմունքների» դեմ պայքարին: Սակայն Վոլտերի պայքարն ընդդեմ Քրիստոսի ավարտվեց գրողի լիակատար պարտությամբ: Հայտնի է, որ նրա կյանքի վերջին գիշերը սարսափելի է եղել, նա ջղաձգվել է ցավերից, բղավել, օգնության կանչել հենց Նրան, Ում ամբողջ կյանքում քարկոծել էր: Կյանքի վերջին րոպեներին նա աղերսում էր քահանա հրավիրել՝ հոգին թեթևացնելու համար, սակայն նրա ազատամիտ ընկերները թույլ չտվեցին: Վոլտերի մահը կյանքից շատ ավելի պերճախոս կերպով է վկայում Աստծո գոյության մասին: Վոլտերն ասում էր, թե իր մահից 100 տարի անց քրիստոնեությունը կվերանա, սակայն փոխարենը նրա մահից ընդամենը 25 տարի անց նրա սեփական տանը հիմնվեց Բրիտանական և Արտասահմանյան Աստվածաշնչային ընկերությունը, որը սկսեց տպագրել Աստվածաշունչը հենց այն նույն տպագրական հաստոցների վրա, որոնց վրա տպվել էին Վոլտերի գրքերը:

***

Քրիստոնեության դեմ պայքարողներից հերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն զրկվեց բանականությունից և դարձավ հոգեկան հիվանդ: Նրա հավատարիմ և մոլեռանդ հետևորդները՝ իրենց տիտան, գերմարդ համարող Ադոլֆ Հիտլերը, Ալֆրեդ Ռոզենբերգը, Էրիխ Լյուդենդորֆը և այլոք, ովքեր քրիստոնեության երդվյալ թշնամիներն էին, դարձան հոգեկան հիվանդ մոլագարներ և կործանեցին ոչ միան իրենք իրենց, այլև դեպի կործանում էին տանում իրենց ազգին: «Դու հաղթեցիր ինձ, Գալիլյացի», – նկատի ունենալով Քրիստոսին՝ ասել է քրիստոնեության կատաղի թշնամի Հուլիանոս կայսրը՝ պարսիկների դեմ ճակատամարտում մահացու վերքերից մահանալիս:

***

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, դասական մեխանիկայի հիմնադիր Իսահակ Նյուտոնը (1643-1727) նաև աստվածաբան էր: Նա աշխատություններ է գրել Սուրբ Հոգու մասին, նաև՝ «Դանիելի մարգարեությունը» գրքի մեկնաբանությունը: Հետաքրքիր է, որ նա առավել բարձր էր գնահատում իր աստվածաբանական աշխատությունները, թեև նրան որպես գիտնական մեծարող իր ժամանակակիցները դրանց վրա անգամ ուշադրություն չէին դարձնում: Աստծո անունը տալիս Նյուտոնը մշտապես հանում էր գլխարկը:

Աղոթք

Տեր իմ,
Արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը,
Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է,
Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են,
Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են,
Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին,
Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած,
Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում,
Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է,
Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ կա վիշտ:
Տեր իմ,
Արժանացրու, որ ոչ թե ինձ սփոփեն, այլ ես սփոփեմ,
Ոչ թե ինչ հասկանան, այլ ես հասկանամ,
Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ,
Քանզի ով տալիս է, նա ստանում է,
Ով իրեն մոռանում է, նա ձեռք է բերում,
Ով ներում է, նրան ներվում է,
Ով մահանում է, արթնանում է հավիտենական կյանքում:

ԱՀԹ Թարգմանությունը ռուսերենից՝ Լարիսա Նավասարդյանի

Leave a comment