մտորումներ

_MG_4831

 

 

 

 

 

 

 

Մեր մտորումներն  ու ցանկությունները  լոկ վերացական պատկերներ չեն, այլ մեր  հոգեկան, ներանձնական ու գիտակցական աշխարհի անմասնատելի  տարրերը: Նրանք մեր հոգու, մտքի ու բնազդական կրքերի  շտեմարաններն  են, որտեղ խնամքով պահվում են դրանք:  Մեր  երազանքները անիմանալի կերպով ուղղորդում և իմաստավորում են  մեր գործողություններն ու վարքը, կերտում  մեր հոգեկան ներաշխարհը՝ դարձնելով այն  պատկերավոր: Մեր ցանկությունները մեր բանականության բնակարանի անդավաճան այցելուներն են, և  այն ամենն ինչ հայտնի է մեզ ու տեսանելի մեր մտքին, հենց այդ բնակարանի՝ հոգու միջոցով է: Բայց շատ հաճախ մենք մտնում առանձնանում ենք մեր <<ես>>-ի մեջ ու ամուր փակում մեր ներսի, տան դռները, կարծելով` դրանով կթոթափենք այն ծանր բեռը մեր իմացաբանական, զգացական կրքերի, սակայն դրանք պատրանքներ են, խաբկանքներ ու հետո հասկանում ենք, որ այդ ներհայեցողությունը ճանապարհ է դեպի մեր ինքնությունը, որտեղ մեր անցյալն է, ապագան ու ինչու չէ նաև ներկան:

Արտաքին ազդակների, առօրյա ճղճիմ իրականության մեջ մենք նկատում ենք, որ բանականությունն ու գիտակցորեն կերտած երևակայական  կերպարները, միայն մերը չեն, դրանք մի ողջ քաղաքակրթության կոթողներն են, սկսած անհիշելի ժամանակներից, երբ հոմոսափիենսը չաստվածներ էր կերտում բնության հանդեպ իր տկարությունն ու անզորությունը ցույց տալու համար:

Ու այսպես, սավառնում է տիեզերքում  ու մարդկության գիտակցության մեջ  անտարբերության, ատելության ու բազում այլ մոլությունների ուրվականը՝ սպառնալով ավերել մարդկային առաքինությունների շիվերը, արմատախիլ անել դրանք՝ ամենուր սփռելով փուշ ու տատասկ: Շատ կարճ է մեր կյանքը՝ ամբողջությամբ զգալու և բացահայտելու  աշխարհի ֆենոմենը: Ուստի պահենք և գիտակցեն իմաստն ու առաքելությունը մեր կյանքի, որն է  պայմանականություններից ու կապանքներից զուրկ կատարելությունն ու ազատությունը՝ համեմված առաքինությունների լույս պսակով ու շնորհներով:

Leave a comment