Պայտած սապոգներով խելագարները

0069846

XX դարը, առավել քան որևէ որոշ պատմական դարաշրջան, եղել է միապետների դար: Նրանք հրահրել են կործանիչ պատերազմներ, մարդկության պատճառել տառապանքի պոռթկումներ, որոնց նմանն անգամ Աթիլլայի և Չինգիզ խանի արշավանքների ժամանակ չեն եղել: Այդպիսի երևույթը պահանջում է ոչ միայն պատմական բացատրություն:

Մենք չենք բացառում, որ միապետների ի հայտ գալու և նրանց կողմից իշխանության պահպանման համար  պատմական զարգացումը դեր չի խաղացել: Հենց տվյալ պատմական իրավիճակն է միապետներին  հնարավորություն տվել զավթել իշխանությունը: Ռուսական հեղափոխության մրրիկը հնարավորություն տվեց իշխանության գալու  Լենինին և պայմաններ ստեղծեց Ստալինի գազանային դիկտատուրայի համար:  Իտալիայի անպատասխանատու քաղաքականությունը 1920-ական թվերին ճանապարհ հարթեց Մուսոլինիի  ֆաշիստական գերիշխանության համար: Առաջին համաշխարհային պատերազմի պարտությունից հետո ստորացուցիչ պայմաններն առաջ բերեցին սարսափելի դեպրեսիա և գերարժեքազրկում` նախապատրաստելով Հիտլերի կողմից բարձրագույն իշխանության գրավման տեսարանը: Այնուամենայնիվ, միայն պատմական բացատրությունը բավարար չէ հասկանալու համար, թե ինչպես պատահեց, որ նրանք տիրացան իշխանության, իսկ երբ ձեռք բերեցին այն, ապա` օգտագործեցին այդքան անմարդկայնորեն:

Հավանաբար, աքսիոմա չէ լորդ Էկթոնի հաճախ օգտագործվող  ասացվածքը`այն, որ իշխանությունը միշտ փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը  փչացնում է բացարձակապես: Նախկինում եղել են բացարձակ միապետեր, օրինակ` Լյուդովիկոս 19-րդը` Ֆրանսիայում, անգամ 20-րդ դարի միապետները` Սալազարը Պորտուգալիայում կամ Ֆրանկոն` Իսպանիայում, ում կառավարման ընթացքում, հնարավոր է, այդ ժողովուրդները մեծ ձեռքբերումներ չեն ունեցել, բայց նրանք աննորմալ մարդկանց տպավորություն չեն թողել:

Բայց և այնպես, թվում է, թե մեծագույն միապետերն ստեղծում են իրենց անձնական տեսակը: Նրանք ամբողջությամբ  իշխանության տիրակալության տակ են, որն էլ մի կողմ է հրում մնացած ամեն ինչ: Եվ նման դեպքում վեհության մոլուցքն ի վերջո խեղաթյուրում և ավերում է անհատին: Միապետը` դիկտատորը, նեղ մտահորիզոնով քաղաքական գործիչ է` իր իշխանությամբ արբած: Նա ամեն կերպ փորձում է իր կամքն ու ցանկությունները   փաթաթել հպատակներին և չեզոքացնում է նրանց, ովքեր դրանք չեն ընդունում: Իշխանության բռնագրավումն ու պահպանումը դառնում է նրանց գոյության միակ նպատակը:

Այս անհատականության  ո՞ր առանձնահատկություններն են ճանապարհ հարթում այդպիսի սցենարի համար: Աստիճանական մտավոր անկմանը  Ֆրեյդը տալիս է բացատրություն` վերլուծելով մանկության տարիների` անգամ ներարգանդային կյանքում  վերապրածը: Այն դեպքերը, որ մենք արդեն քննարկել ենք, պարզ ցույց  են տալիս, որ զրկանքներով և  ձախորդություններով լի մանկության տարիները կարող են որոշիչ դեր խաղալ հետագայում նյարդային կամ հոգեկան հիվանդությունների զարգացման համար: Հետևաբար, մանկության և պատանեկության տարիներին ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են խթան հանդիսանալ հոգեհիվանդության զարգացման համար, և բռնապետերից շատերն հենց այդ հատկանիշներն ունեն:

Բռնապետերի կյանքում որոշիչ գիծը չքավոր մանկությունն պատանեկությունն է, ոչ միայն նյութական առումով, այլև` ընտանեկան հարաբերություններում: Մուսոլինիի, Հիտլերի և Ստալինի ընտանիքներում իրադրությունը շատ խղճուկ էր և ապերջանիկ /սիրող մայր և ատելի հայր/: Պատանեկան անհնազանդությունը նրանց հասցրեց իշխանությունների հետ առճակատման` առաջ բերելով բողոքի բարձրացող ալիք: Զրկված սիրուց, անվստահ, ստորացված, չկարողանալով ստեղծել երջանիկ սեռական կապեր, իրենց տառապած ինքնասիրության համար փոխհատուցում էին փնտրում իշխանության հասնելու մեջ, իսկ հետագայում նաև` չարաշահելու:

Ծիծաղելի կլիներ ենթադրել, որ նման անցյալով բոլոր երեխաները պետք է դառնային բռնապետեր, հանցագործներ կամ հոգեհիվանդներ: Բայց և այնպես, ապագայի սերմերը պետք է փնտրել վաղ տարիքում: Այդ մոլախոտերն աճեցին ավելի ուշ՝ կախված իրավիճակից, այն կրողների բնածին խելքից և ընդունակություններից:

Կարելի՞ է, արդյոք, ապագա բռնապետի բնութագրական գծերը բացատրել ֆիզիկական և հոգեվերլուծական տեսակետից:

Ստալինը խեղանդամ էր, դեմքը՝ ծաղկաչեչոտ: Մուսոլինին չափազանց շատ էր ուզում իսկական տղամարդ երևալ: Հիտլերը գրեթե կանացի կառուցվածք ուներ: Ենթադրվում է, որ թե՛Մուսոլինին, թե՛ Հիտլերը վարակված էին սիֆիլիսով, բայց դա հաստատող փաստեր չկան: Ինչպես մենք արդեն ուսումնասիրել ենք, առողջական վիճակը կարող է կարևոր պատճառ հանդիսանալ և մաս կազմել հոգեբանական անլիարժեքության համար: Թուրք բռնակալ Քեմալ աթաթուրքի անմարդկային գործողություններն ավելի հասկանալի են դառնում, եթե քննարկենք՝ ելնելով այն տեսակետից, որ նա տառապում էր ուղեղի օրգանական խանգարումով: Ժամանակ առ ժամանակ առողջական խնդիրները կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ բռնակալների տրամադրության վրա, բայց միայն դա հերիք չէ, որպեսզի բացատրենք անհատի անհավասարակշռության պատճառը:

Միլիոնավոր նորմալ տղամարդիկ և կանայք թույլ են տալիս, որ իրենց հիմարացնեն ու կախարդեն: Նրանք անմնացորդ նվիրվում են մի մարդու գործին, անգամ՝ մանյակի: Իր դիրքը պահպանելու համար, բռնապետը, ժամանակ առ ժամանակ, պետք է փառաբանվի. դա կարող են լինել շքեղ հանդիսություններ կամ փառահեղ ճարտարապետական կոթողներ: Նա պետք է ճնշի ցանկացած ընդդիմության՝ իրական, թե՝երևակայական: Կեղծիքով և քծնանքով շրջապատված՝ այդ բռնակալներն իրենց ողջ կյանքի ընթացքում մնացել են կյանքից կտրված, իրենք իրենց խաբող անհատներ: Նրանք որոշումներ են ընդունել, որոնք ի վերջո, իրենց են վնասել: Հնարավոր է, որ այս բռնակալները կլինիկորեն խելապակասներ չէին, բայց նրանք վտանգավոր չափով աննորմալ էին, որպես անհատներ:

Վիվիան Գրին  <<Խելացնոր թագավորներ>> գրքից

<< ՆԵ ՇԻԿՆՈՏ>> Հրատարակչություն՝ Գլխավոր Խմբագիր Անահիտ Ամիրյան

One comment on “Պայտած սապոգներով խելագարները

  1. Փաստորեն ստացվում է, որ ներկայիս հայ քաղաքական գործիչների մեծամասնությունը ունեցել է խեղաթյուրված մանկություն: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրանց օր օրի դաժանության վերածվող լկտիությունը:

Leave a comment