Բարոյականության առաջին սերմերը

 

DSC06958

 

 

 

 

 

 

Անդրադառնանք քրիստոնեական դաստիարակության կարևորագույն ու միևնույն ժամանակ անչափ նուրբ խնդրի, որի լուծումը մեզնից համբերություն և հոգևոր հասունություն է պահանջում։ Խոսքը երեխայի գիտակցության մեջ չարի ու բարու, մեղքի և հատուցման մասին հստակ պատկերացում արմատավորելու մասին է: Չէ՞ որ երեխան շատ հաճախ չի հասկանում, թե ինչու է արգելվում մի բան, որ իրեն հաճույք է պատճառում և ուրեմն, իր կարծիքով, բարի է (մանավանդ որ ներկայիս գաղափարախոսության հիմքում ընկած է հաճույքի պաշտամունքը)։ Հրաշալի է, երբ երեխան վստահում է մեծին և անվերապահորեն ընդունում նրա ասածը։ Սակայն իրական կյանքում պատկերը ճիշտ հակառակն է։ Որոշ մայրեր նորադարձի մոլեռանդությամբ և իրենց կարծիքով՝ հանուն Աստծո, կյանքը վերածում են տառապանքի թե՛ իրենց համար և թե՛ նրանց, ովքեր ստիպված են  հատուցել  իրենց ծնողի սուրբ դառնալու անպտուղ ջանքերը։ Այդպիսի ծնողն անվերջ մեղքից է խոսում և սպառնում Աստծո դատաստանով՝ մոռանալով այն ուրախության, այն սիրո մասին, որով տոգորված պիտի լինի ճշմարիտ քրիստոնյայի հոգևոր կյանքը։ Սակայն սպառնալիքը, վախը երեխային կմղեն ոչ թե սիրելու, այլ՝ ատելու։ Նույնն է պատկերը խոնարհություն հասկացության դեպքում։ Ցավոք, մենք այն շատ հաճախ սխալ ենք մեկնաբանում։ Շփոթում ենք այն կույր հնազանդության հետ և նույնը պահանջում երեխայից (դժվար չէ կռահել, թե իրականում ինչպես է մեզ վերաբերվում մեր <<խոնարհ բալիկը>>)։ Մինչդեռ խոնարհությունը, ինչպես գրել է հանրաճանաչ օրթոդոքս միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին, <<Ամենևին չի ենթադրում անընդհատ ինքնախարազանում, հրաժարում մարդկային արժանապատվությունից և սեփական ոչնչության մասին ողբաձայն հայտարարություններ։ Այն իրականում նշանակում է Աստծո կամքը խորին ակնածանքով ու շնորհակալ սրտով ընդունելու սիրահոժար պատրաստակամություն…>>։  Երեխայի մեջ ոչ թերարժեքության զգացում պետք է առաջացնել, ոչ էլ նրան մղել իր ցանկությունները բավարարելու անազնիվ ուղիներ փնտրելուն։ Ցանկալի է պարզապես մտերմանալ նրա հետ։ Որքան էլ հոգնած լինենք, ժամանակ գտնենք (ամենահարմար պահը թերևս երեկոն է՝ քնելուց առաջ) նրա հետ անկեղծ, հոգեպարար զրույցի համար։ Անուշադրության չմատնենք նրա ոչ մի ապրում և արարք՝ խելամտորեն զուգակցելով քաջալերումն ու, անհրաժեշտության դեպքում, նաև պատիժը (բայց ոչ երբեք՝ բռնությունը)։ Դրանք երբեք չպետք է պայմանավորված լինեն մեր տրամադրության տարուբերումներով. մեկ` չպատճառաբանված դժգոհություն, մեկ՝ անպատեհ շռայլություն (<<մաղարիչ>> կամ <<կաշառք>> ինչ-որ լավ բանի համար)։ Մեր ձեռքը մշտապես զավակի <<զարկերակին պահած>>, կյանքի առօրյա դրսևորումներում նրա համար բացահայտենք (իհարկե, հաշվի առնելով տվյալ երեխայի խառնվածքի առանձնահատկությունները, հասունության աստիճանը և այլն) բարին ու չարը, վեհն ու ստորը, գեղեցիկն ու տգեղը և դրանցից քաղված հոգևոր դասերը՝ իբրև լավագույն ուղեցույց ունենալով Աստծո պատվիրանները։ Իհարկե, միշտ չէ, որ երեխայի արժեքային համակարգի ձևավորումը հեշտ ու անարգել է ընթանում։ Կյանքն ապացուցել և ապացուցում է, որ նրան ի վերջո հնարավոր է սովորեցնել միայն  այն, ինչ ինքը պատրաստ է և ի վիճակի է ընկալել։ Հնարավոր է, որ մեր ասածների մի մասը նրան անհասկանալի, նույնիսկ՝ վանող թվա և դրդի մերժողական կեցվածք ընդունելու։ Ոմանք նման դեպքերում՝ երեխայի հետ աղմկոտ սկանդալից կամ նրա համառությունից հոգնած, ձեռքը հուսահատ թափ են տալիս, թե՝ <<ինչ ուզում ես արա>>։ Մինչդեռ հոգևոր դաստիարակությամբ զբաղվող մանկավարժները խորհուրդ են տալիս այլևս չպնդել մեր ուզածը. խոհեմաբար դադար տալ և փոխարենը աղոթել, որպեսզի Տերն ինքն ուղղի երեխայի քայլերը, իսկ մեր սրտին իմաստնություն տա փոխզիջման լավագույն տարբերակը գտնելու համար։ Ինչպես ժամանակին իրավացիորեն գրել է լեհ գրող ու հրաշալի մանկավարժ Յանուշ Յորչակը, <<Մանկավարժության մասին բոլոր հատորների բովանդակությունը կարելի է տեղավորել ընդամենը մեկ նախադասության մեջ, այն է՝ պարզապես պետք է երեխային սիրել կարողանալ>>։

 

Տեր-Գրիգորյան Կարինե ”Հայրեր, մայրեր, որդիներ.” – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2007. – 32 էջ:

Leave a comment