Անտիկ գրականություն

download

Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն: Համաշխարհային գրականության մեջ անտիկ շրջան կամ գրականություն ասելով հասկանում ենք հունահռոմեական գրականությունը: Սակայն այն իր մեջ պայմանականություն ունի և չպետք է մտածել, թե աշխարհի բոլոր ժողովուրդներից, ժամանակի առումով, ամենահինը հունական գրականությունն է: Աշխարհի, մանավանդ, արևելյան շատ ու շատ ժողովուրդներ (եգիպտացիներ, պարսիկներ, հնդիկներ, չինացիներ) իրենց մշակույթն ու գրականությունը բարձր զարգացման էին հասցրել դեռևս հույներից շատ առաջ: Բայց մի քանի կարևոր պատճառներով համաշխարհային գրականության ձևավորման ու զարգացման անտիկ շրջանը ընդունված է համարել հունականը:

  • Որովհետև  հունահռոմեական գրականությունը ձևավորվել է Եվրոպայում, որը համարյա միշտ էլ եղել է ու այսօր էլ կա համաշխարհային միասնական քաղաքակրթության զարգացման կենտրոն ու չափանիշ:
  • Հունական գրականությունը առայսօր էլ հարուստ նյութ է համաշխարհային գրականության ու մշակույթի զարգացման համար: Այն գեղարվեստական մտածողության մի մեծ դպրոց է, որից բոլոր ազգերն էլ սովորել են:
  • Ֆեոդալիզմի անկման շրջանում, համաշխարհային գրականությունը ունեցավ, ապրեց հզոր զարգացման մի նոր էտապ, որը դարձյալ մի զգալի մասով պայմանավորված էր հունական գրականության մեջ ընդունված գեղագիտական սկզբունքների, սյուժեների, հերոսների և կոնֆլիկտների զարգացմամբ: Հատկապես վերածննդի և կլասիցիզմի գրականությունը:

Հունական գրականությունը ստեղծվեց ներկայիս Հունաստանի տարածքում և մերձափնյա կղզիներում բնակվող հույների կողմից, հատկապես, քաղաք-պետությունների ձևով գոյատևած ստրկատիրության շրջանում: Բայց հույների գործը բավականին դժվար էր: Նախնական շրջանում նրանք աշխարհի մյուս ժողովուրդներից կտրված էին ծովերով, և իրենցից շատ ավելի առաջ ստեղծված այլ մշակույթներից սովորելու հնարավորություն չունեին: Եվ եթե նրանք չլինեին այնքան աշխատասեր ու տաղանդավոր՝ ինքնուրույնաբար չէին կարող արարել այն մեծ մշակույթը, որ առ այսօր էլ զարմացնում և հիացնում է ամենքին: Հունական գրականությունը հետագայում զարգացավ, շարունակվեց հռոմեական գրականության մեջ, որի պատճառով էլ անտիկ գրականություն ասելով նկատի ունենք հունահռոմեական գրականությունը: Անտիկ գրականությունը ավարտվում է մեր թվարկության 5-րդ դարով, որին հաջորդում է միջնադարյան գրականությունը: Անտիկ գրականությունը ընդունված է բաժանել զարգացման մի քանի շրջանների.

  • Նախնական կամ ձևավորման շրջան (մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 9-8րդ դարեր): Սա հատկապես, բանահյուսության կամ գրականության գոյության բանավոր շրջանի էտապն է: Որոշ գիտնականներ հենց այս շրջանի մեջ են տեղադրում նաև Հոմերոսի պոեմները:
  • (8-7-րդ դարերից մինչև  4-րդ դար մ.թ.ա.), որը հենց կոչվեց դասական շրջան, քաղաք-պետությունների գոյատևման շրջան: Սա հունական գրականության ծաղկման ոսկեդարն է: Բարձր զարգացման են հասնում նաև մյուս արվեստները, գիտությունը, որը մարդկության, համաշխարհային քաղաքակրթության հիմքն էր, ըստ էության:
  • Հելլենիզմի շրջան (մ.թա. 4-րդ դարց մինչև 5-րդ դար): Այս շրջանում հունական գրականությանը զուգահեռ ձևավորվեց ու զարգացավ հռոմեական գրականությունը: Հունական լեզուն միջազգային լինելու շնորհիվ՝ իր քաղաքակրթության ոլորտների մեջ առավ հռոմեական կայսրությանը ենթակա տասնյակ ազգերի ու ժողովուրդների: Այսպես, հելլենիզմի գրականությունը դարձավ միջազգային երևույթ:

One comment on “Անտիկ գրականություն

Leave a comment