Սուրբ Զատիկ

P1090072

 

 

 

 

 

 

 

 

Հիսուս Քրիստոսի Հարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տոնվում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 26-ը: Դա պայմանավորված է նրանով, որ Զատիկը շարժական տոն է և տոնվում է գարնան գիշերահավասարին՝ որն է մարտի 21-ը, հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը:
Սուրբ Հարությունը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն և օրացույցում և ժողովրդի մեջ տարածված է նաև Զատիկ անվամբ: Գրեթե բոլոր եկեղեցիները Հարության տոնին տվել են մի երկրորդ անվանում, որը ազգային բնույթ է կրում: Այսպես՝ հույները և այլ քրիստոնյաներ այդ տոնը կոչում են Պասխա, ֆրանսիացիները՝ Պաագ, իսկ հայերը և վրացիները Զատիկ ու Զատիկի և այլն: Հեթանոսական շամանակաշրջանից մենք՝ հայերս, ունեցել ենք Զատիկ անունով տոն, որը նվիրված է եղել գարնան գալուն: Ինչպես գիտենք, Հայկական լեռնաշխարհում սովորաբար խստաշունչ ձմեռ է լինում, հետևաբար ոչինչ այդքան ուրախալի և ավետաբեր չի լինում, որքան գարնանամուտը: Հեթանոսական Զատիկը նախաքրիստոնեական շրջանում ապրած հայերի ամենաուրախալի տոներից մեկն է եղել: Հետագայում քրիստոնեկան Հարության տոնը համընկել է այդ տոնի հետ, և քանի որ Հարությունը քրիստոնեության մեջ ամենակարևոր, ամենաուրախալի և ամենաավետաբեր տոնն է, մեր հայրերի կողմից վերանվանվել է Զատիկ: Սակայն չպետք է կարծել, որ այս անվանակոչությունը արվել է հեթանոսական տոնի համար, ո՛չ այս անվանակոչության պատճառը Զատիկ բառի իմաստն է, որ նշանակում է տոն, ուրախություն: Ժողովուրդը մինչև իսկ Ս. Ծննդյան տոնն է անվանվում Զատիկ՝ գործածելով Փոքր Զատիկ անունը:
Մեծ պահքի օրերը լրանալուց հետո եկեղեցին մեծ շուքով տոնում է մեր Տիրոջ Հարությունը՝ Զատիկը: Շաբաթ երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի հանդիսավոր պատարագը, որից հետո միայն կարելի է պահքը լուծել: Սովորաբար պահքը լուծվում է մինչ այդ ներկված և Ճրագալույցի պատարագի ընթացքում օրհնված ձվով, կանթեղներով և ձկնեղենով: Կիրակի օրը առավոտյան՝ հանդիսավոր ժամերգությունից հետո, մատուցվում է սուրբ պատարագը: Պատարագի ընթացքում պատարագիչ քահանան ժողովրդին ավետում է Քրիստոսի հարությունը՝ ասելով. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց մեզ և ձեզ ավետիս>>, իսկ ժողովուրդը նրան պատասխանում է. <<Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի>>:
Զատկի ժողովրդական սովորություններից կարելի է հիշատակել հավկիթ ներկելը և հավկթախաղը, որի մասին կա հետևյալ ավանդությունը:
Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու համար: Հռոմում Մարիամը ներկայանում է Տիբերիոս կայսերը և նրան տալիս է կարմիր ձու՝ ասելով. <<Քրիստոս հարեաւ ի մեռելոց>> և ապա սկսում է Ավետարանի քարոզությունը:
Շատ հետաքրքրական է նաև հավկթախաղի սովորությունը: Զատկական կիրակի օրը երեխաները, ինչպես նաև մեծերը, իրենց զատկական հավկիթները կռվեցնում են միմյանց հետ: Դրանից առաջ մի երազանք են պահում, և ով հաղթում է, նրա երազանքը պետք է կատարվի, իսկ պարտվածն իր կոտրված հավկիթը պետք է տա հաղթողին: Զատկական ձուն պետք է անպայման կարմիր ներկվի, քանի որ կարմիրը խորհրդանշում է մեր Տիրոջ արյունը: Ահա թե այս հարցի մասին ինչ է ասում Գրիգոր Տաթևացին. <<Զատկի այս առաջին կիրակիի շաբաթ օրը կարմիր ձու ենք ներկում, և նրա խորհուրդն այն է, որ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, և ինչպես որ իմաստուններն են ասում, դրսի կեղևը նմանվում է երկնքին, կեղևի տակի ճերմակ հյուսվածքը` օդի, իսկ սպիտակուցը` ջրի, դեղինն էլ երկիրն է: Իսկ կարմիր ներկը նշանակում է, որ համայն աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը: Սրա համար է, որ նախ կարմիր ձուն ենք ուտում, իսկ հետո ուրիշ կերակուրներ>>:
Զատկական ձուն կարմիր ներկելը կարևորվում է նաև նրանով, որ կարմիրը խորհրդանշում է այս աշխարհի` Քրիստոսի արյամբ գնվելը: Կարմիր գույնը մեզ հիշեցնում է նաև, որ մեր նորոգված կյանքը Հիսուս Քրիստոսի անարատ արյամբ է գնվել: Կարմիրը պատկանում է լուսե ու վառ գունախմբին, ուստի, ի նշան մեր ցնծության, հավկիթները պետք է կարմիր ներկվեն. չէ որ Քրիստոս իր մահվամբ մեղքին հաղթեց, մեզ սատանայից փրկագնեց և Իր Հարությամբ ադամորդիներիս հավիտենական կյանք տվեց:

Leave a comment