Նախանձի մասին

DSC07719

 

 

 

 

 

 

Սովորաբար, մեզ ոչինչ այնպես չի միավորում և բաժանում իրարից, ինչպես նախանձն ու անբարյացակամությունը: Արդարև, թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը` բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախաձողի ոսկորները և ապականում հոգին: Մեղք չի գործի նա, ով նախանձներին գազաններից ու դևերից  ավելի վատը կհամարի:

Նախանձն այնպիսի արատ է, որ նրանից վատը չկա: Օրինակ` շնացողը և՛ որոշակի հաճույք է ստանում, և՛ կարճ ժամանակում է իր մեղքը գործում, մինչդեռ նախանձողը նրանից առաջ, ում նախանձում է, իրեն ենթարկում է պատժի և տանջանքների, և երբեք ետ չի կանգնում իր մեղքից, այլ մշտապես կատարում է: Ինչպես խոզն է հրճվում ցեխ տեսնելիս, և դևն է ուրախանում մեր կորստից, ճիշտ այդպես նախանձը ցնծում է մերձավորի դժբախտությունից, իսկ եթե վերջինիս տհաճ բան է պատահում, այնժամ նա հանգստանում է և ազատ շունչ քաշում` ուրիշի դառնությունները համարելով իր ուրախությունները, իսկ ուրշի բարիքները` իր դժբախտությունը:

Եվ ինչպես անարգողը ոչ թե ուրիշին է անարգում, այլ միմիայն իրեն, ճիշտ այդպես մերձավորի նկատմամբ դավեր նյութողը կործանում է իրեն: Եվ նման այն բանին, որ երբ վիրավորելով մերձավորին` վիրավորում ենք ինքներս մեզ, այդպես էլ հակառակը, նրանց բարություն անելով` բարիք ենք գործում մեզ համար:

Նա, ով  իր մասին վատ, բայց ոչ ճիշտ բաներ է լսում, ոչ միայն դրանից չի նեղվում, այլև մեծագույն պարգևների է արժանի: Պատժի է արժանի ոչ թե նա, ում դեմ չարիք են գործում, այլ նա ով չարիք է գործում, եթե միայն առաջինը կշտամբանքի բավարար առիթներ չի տվել:

Այդ պատճառով, եթե ցանկանում ես և քեզ բարեգործություն անել քեզ վիրավորողին, ապա նրա մասին լավ արտահայտվիր. իսկ եթե նրա մասին վատ արտահայտվես, ապա քեզ չեն հավատա որպես մի մարդու, որ կասկածվում է թշնամանք տածելու մեջ: Չէ որ թշնամանքը, բախվելով լսողների խորհուրդների հետ, թույլ չի տալիս, որ ասվածը տպավորվի նրանց ականջներում:

Այսպիսով, ուրշների մասին վատ մի արտահայտվիր, որպեսզի չպատվազրկես և քեզ, տիղմը մի խառնիր ցեխի ու աղբի հետ, այլ պսակներ հյուսիր վարդերից, մանուշակներից և այլ ծաղիկներից. բերանիցդ  աղտեղություններ մի թափիր` նմանվելով բզեզներին, իսկ այդպիսինները նրանք են, ովքեր վատ են արտահայտվում ուրիշների մասին: Նրանք առաջինն իրենք են զգում իրենց գարշահոտության հետևանքը:

Ինչքան շատ ես նախանձում, այնքան ավելի շատ բարիքնե ես գործում նրա համար, ում նախանձում ես: Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդու, ով ոչ մեկին չի վիրավորում՝ ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում, և դրանով իսկ պատժում քեզ:

Ծանր, շատ ծանր մեղք է նախանձը. այն  քամահրում է սեփական փրկությունը:

Սուրբ Հովհան Ոսկեբերան <<Ճառերի ընտրանի>>, Ս. Էջմիածին 2009

Leave a comment