Մեղքի հանդեպ ժառանգական հակում

 

DSC03300

Արդ, եթե մարդը գիտի ջոկել չարը բարուց, սխալը ճշմարտությունից և համոզված է բարու` լավ ու չարի` վատ լինելու մեջ, ինչու են չարիքներն այնքան համատարած  և բարիքներն` այնքան սահմանափակ, ինչու քաղաքակրթության զարգացման հետ չարիքները շատանում և բարիքները նվազում են: Յուրաքանչյուր <<ինչու>>-ին խելահաս լինելը մի ուրիշ հավակնություն է, որից պետք է աշխատենք հեռու մնալ: Սակայն այս հարցը մեզ առաջնորդում է դեպի մի գաղափար, որն աստվածաբանության մեջ ծանոթ  է որպես <<ադամական մեղք>>  բացատրությամբ, իսկ գիտության և ընկերաբանության (սոցիոլոգիա-թարգմ.) մեջ`  <<ժառանգականություն>>:

Գիտականորեն հաստատված իրողություն է, որ մանկան ծնողները, մինչև իսկ միքանի սերունդներ առաջվա նախածնողները ոչ միայն իրենց արյունն են փոխանցում զավակներին, այլ նաև առողջությունը կամ վատառողջությունը: Ժառանգական են որոշ հիվանդություններ, ինչպես նաև մասնավոր հակումներ ու հատկություններ, գեղարվեստի, առևտրի, արհեստների և այլ ձիրքեր ու տաղանդներ: Ժառանգական այս օրենքով փոխանցվում են նաև բարի կամ հոռի բարոյական հակումներ, առաքինություններ և մոլություններ: Արդ, քրիստոնեական աստվածաբանությունն ասում է, որ մարդու բարոյական հակումներն իրենց ակունքից իսկ պղտորված են: Աստվածաշունչը  բացեիբաց ասում է. <<Մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է >>(Ծննդ. 8: 21):  Այսինքն` մարդկանց միտքը մանկությունից իսկ հաստատված է չարիք  <<խնամելու>>: Սա ահավոր հավաստում է, բայց, դժբախտաբար, ճշմարիտ է նաև կյանքի փորձառությամբ: Ներշնչված մի ուրիշ հոգի ասում է. <<Մայրս ինձ անօրենութեամբ հղացավ և մեղքով ծնեց>> (մայր բառն այստեղ ծնողների փոխարեն է, ովքեր միշտ երկուսն են):  Հիսուսն իր ժամանակակից սերունդը կոչում է <<չար և շնացող>>:  Սա կարելի է կրկնել գրեթե բոլոր սերունդների համար: Ուրեմն  մարդկության <<ջուրն>> իր ակունքից իսկ պղտորված է: Աստվածաշնչական և փորձառական այս իրողությունները փրկագործական իր վարդապետության հիմքը դարձրեց Պողոս առաքյալը, և որոնք ավելի մշակեցին ու իրենց լրումին կամ ծայրահեղության հասցրին օգոստինոսները և կալվինները: Պողոս առաքյալն ասում է. <<Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը>> (Հռոմ. (5 :12): Նույն հատվածի շարունակության մեջ աստվածաբան առաքյալն ավելացնում է. <<Մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության  մատնվեցին…  մեկ մարդու անհնազանդությամբ  շատ մեղավորներ եղան>>: Ուրեմն  Աստվածաշունչը և մարդկային փորձառությունը համաձայն են, որ բոլոր մարդիկ այս կամ այն ձևով  <<չարիք խնամելու>>, չարիք նյութելու են հետամուտ:  Չարիքի այս գաղափարը որտեղից աշխարհ մտավ, որտեղից սողոսկեց մարդու միտք և երևակայություն, երբ Աստծո ստեղծած բոլոր արարածները, ըստ Աստվածաշնչի  հավաստման, <<բարի>>էին: Այս հարցումը այնքան բնականորեն ծագում է բոլոր դարերի սերունդների մտքում և, անշուշտ, ծագել է նաև Ծննդոց գրքի հեղինակի կամ հեղինակների մտքում, և նրանք մեզ ծանոթ պատասխանն են տվել` մատնանշելով <<ՕՁԻՆ>>: Այս պատմությունները բանավոր փոխանցված և գրի առնված ժամանակ մարդկությունը դեռ մանուկ էր: Իսկ մանուկները բարոյական կամ վերացական ճշմարտությունները կարող են հասկանալ լոկ պատմություններով, հեքիաթներով, առակներով և օրինակներով: Բարձրագույն կրոնական ճշմարտությունները եթե մանուկ մարդկությանը հայտնվեին իրենց վերացական ձևով,  ոչ միայն չպետք է հասկացվեին, այլև մոռացման պիտի դատապարտվեին` արմատավորված չլինելով մտքերում կամ սրտերում:  Բայց երբ աստվածային նախախնամությամբ դրանք դրվեցի նպատմության հետաքրքրաշարժ ափսեի մեջ,  հրապույր հագան ու հասկանալի դարձան և դրոշմված մնացին հիշողություններում: Չարը կամ չարիքը, որը կյանքում հաշվի առնվելիք շատ կարևոր իրականություն է, իր ծագման լուծումը պետք է գտներ մարդկային մտքում: Եվ մանուկ մարդկության համար այն իր լուծումը գտել է աստվածաշնչային  ներշնչմամբ այս պատմությունների մեջ` այնքան պարզ, հասկանալի և թելադրական եղանակով, որքան չպետք  է կարողանար տալ և ոչ մի իմաստասեր, ոչ մի աստվածաբան, ոչ մի գիտնական: Ծննդոց գրքի արվեստագետ  ու ներշնչված հեղինակն այդ դժվար լուծումը գտել է օձի կերպարում: Մարդը ոչինչ այնքան զզվանքով և սարսափով չի դիմավորում, որքան օձին. կարծես տարօրինակ ժխտական մագնիսականություն ունի այս կենդանին: Մարդկային այս խորշանքը կարելի է բացատրել նաև այն իրողությամբ, որ նախապատմական մարդը թերևս ոչ մի բանից այնքան չի նեղվել և տառապել, որքան օձերից ու բազմատեսակ այլ սողուններից, որոնք, հավանաբար, վխտացել են այդ դարերում, և որոնց հետ մարդը շարունակաբար պետք է պայքարեր թե՛նրանցով բնակված քարայրներին տիրելու և թե՛  գրեթե ամեն քայլափոխի նրանցից պաշտպանվելու համար, երբ որևէ սողուն անակնկալ փաթաթվում էր ոտքերին:  Եվ զգացած հանկարծական սարսափը մարդու մեջ այլևս վերածվել է նախնական բնազդի, որը շարունակվում է մինչ օրս:  Նախամարդու համար բնության մեջ օձից ավելի չար և օձից ավելի գարշելի, խորամանկ ոչինչ չկար: Խանգարում էր քարայրում նրա հանգստին և արգելք ու խոչընդոտ էր բնության մեջ նրա շրջագայությանը: Ուստի երբ աստվածային հայտնությունը անհրաժեշտ համարեց մարդկանց սովորեցնել, թե բնության մեջ գործող չար մի ուժ կա, որին հետո սատանա անունը պիտի տրվեր և որը մարդկանց ապերջանկության պատճառն ու աշխարհում տիրող չարիքի աղբյուրն է, նրան դրախտում օձի կերպարանքով մարմնավորված ներկայացրեց:  Աշխարհում վխտացող բոլոր չարիքների արմատը մարդու մեղանչական բնության մեջ է: Այնա ղետները, որոնք առաջ են գալիս բնական երևույթներից` երկրաշարժից, հեղեղից, հրդեհից և այլն, մարդու գլխին եկած չարիքներից ամենափոքր տոկոսն են և չեն բաղդատվում պատերազմներից,  հալածանքներից, հափշտակություններից, չարաշահություններից, անիրավություններից ու սրանց նման ընկերային բազմաթիվ արարքներից առաջ եկած չարիքների հետ, որոնք գործնականում կազմում են մեղք ասված վերացական իմացության ամբողջությունը: Այսպիսով մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից` մեր Արարչից:  Դրախտային այս դրվագը մեզ հիշեցնում է նաև, թե յուրաքանչյուր մեղք իր պատիժն իր մեջ ունի:  Ինչպես յուրաքանչյուր վնասակար մանրէ իր մեջ իր թույնն ունի, որը կամ հիվանդացնում, կամ մեռցնում է մարմինը, այնպես էլ յուրաքանչյուր մեղք հոգին, այսինքն` մարդու մտածումների և ներքին ապրումների իմանալի աշխարհը, խանգարելու, այլասերելու, մեռցնելու կարողությունն ունի իր մեջ:

Շնորհք Արք. Գալուստյան  <<Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան>> Մայր Աթոռ Սբ. Էջմիածին 2001

4 comments on “Մեղքի հանդեպ ժառանգական հակում

  1. Հարգելի հոդվածագիր
    Ձեր հոդվածը անշուշտ շատ իրատեսական է, բայց ես կասեի հոռետեսական-իրատեսական, այնքանով, որ Քրիստոսը կոչ էր անում լինել մարդու որդիներ ինչպես, որ ինքն էր, լինել նրա պես, տեսնել Աստծո կամքը և կատարել այն: Նա անշուշտ գիտեր ինչքան կարևոր է լինել ազատ և ընտրել բարու կամ չարի միջև և այդ ընտրությունը անել փակ աչքերով: Կարծում եմ մեղքը այդքան վատ բան չէ, և պետք չի թերագնահատել նրա նվերները, պետք է կարողանալ հասկանալ, որ բարին չի ճանաչվի առանց չարի, լույսը խավարից, ցերեկը գիշերից:
    Օրհնված է նա, ով կկարողանա իր մեջ մեղք գտնել և դուրս նետել այն, և նա, ով չի ցանկանում մեղք գործել, արդեն նրա կրողն է, քանզի թաքցնում է այն, ինչին նա ունակ է իրականում, քանզի չի կարելի ապրել ողջ կյանքը առանց կարգերը և օրենքները խախտելու և ոչ թե թղթերում գրված այլ սեփական խղճի հուշումներում տեղ գտած:
    Մեր ասույթը ասում է ՝ Ինչից փախչես գլխիդ կգա: Խորհուրդ եմ տալիս ընկերանալ նրա հետ և չընդդիմանալ նրան, նրան դրանով ճանաչել, հետո էլ մերժել և վերջնականորեն հաղթանակ տանել:
    Մաղթում եմ բոլորին ուժ, սեր և կյանքի հանդեպ լավատեսություն:
    Ամեն ինչ լավ կլինի…

    • Հարգելի Քնարիկ ջան, անձամբ ես լիովին համաձայն եմ ձեզ հետ: Շնորհակալ եմ նյութը ընթերցելու և արձագանքելու համար: Այս հատվածը Շնորհք Արքեպիսկոպոսի <> գրքից է:

  2. Հարգելի Վահե
    Հոդվածի հանար և նրա ազդեցության համար արդեն դուք էլ եք կրում պատասխանատվություն։ Ուշադիր եղեք այն նյութերի համար որոնք Ձեզ թեթև ձեռքով հայտնվում են այս բլոգում։ Հավանաբար դուք ունեք շատ բարի ցանկություններ և դրանք դրսևորելու համար կոչ եմ անում գրել ձեր սեփական մտքերը և համոզված եղեք, որ դրանք պակաս կարևոր ու հետաքրքիր չեն լինի ձեր ընթերցողների համար։ Մաղթում եմ բացահայտումներով լի գեղեցիկ ու հետաքրքիր ճամփորդություն։
    Քնարիկ

  3. Շնորհակալ եմ նյութերս ընթերցելու համար: Ինձ համար շատ կարևոր և էական է յուրաքանչյուր կարծիքը:

Leave a comment