Ավագ Շաբաթ

DSC06992

 

 

 

 

 

 

 

 

Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ՝ մեծ շաբաթ, որն էլ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի ամենակարևոր շրջանը:
Ավագ երկուշաբթի՝ Անպտուղ թզենին: Նվիրված է աշխարհի՝ երկնքի ու երկրի արարչագործությանը: Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուսը քաղց է զգում և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով՝ ասում է. <<Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի>> և նույն պահին թզենին չորանում է: Հիսուսն այս առակով փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքնապես բարեպաշտ էին, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը՝ բարի գործերն ու ողորմածությունը: Պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կնմանվի այդ թզենուն:
Ավագ երեքշաբթի՝ Օրվա Ավետարանական պատգամն է. <<Արթուն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ոչ օրը և ոչ էլ ժամը>>: Այն նվիրված է Ավետարանական տաս կույսերի առակին, ովքեր իրենց լապտերները վառած դուրս ելան դիմավորելու հարսին ու փեսային: Նրանցից հինգը հիմար էր, իսկ մնացյալ հինգը՝ իմաստուն: Հիմար կույսերը իրենց հետ բավարար ձեթ չէին վերցրել: Եվ ահա փեսայի գալստյան ժամանակ մինչ հիմար կույսերը ընկած ձեթ են փնտրում իրենց լապտերների համար, իմաստուն կույսերը փեսայի հետ հարսանիքի սրահ մտան և դռները փակվեց: Հիամար կույսերը վերադառնալով և սրահի դռները փակ տեսնելով աղաղակում են. <<Տեր, բաց արա դուռը>>, բայց փեսան պատասխանում է. <<Ճշմարիտ եմ ասում, ձեզ չեմ ճանաչում>>: Այս առակը նույնպես այլաբանական իմաստ ունի. փեսան՝ Քրիստոսն է, հարսանիքի սրահը՝ երկնքի արքայությունը, որին արժանանում են հինգ իմաստուն կույսերը, ովքեր ժամանակին բավարար չափով ձեթով. այսինքն՝ ողորմության բարի գործերով են լցնում իրենց լապտերները:
Այս օրը երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու դաս են մտնում տասը մանուկներ ձեռքներին մոմերը՝ հինգը վառվող և հինգը հանգած, ովքեր խորհրդանշում են տասը կույսերին: Այդ վառվող մոմերը խորհրդանշում են հավատքի լույսը, Աստծո պատվիրաններն աչքի առաջ ունենալը և իրագործելը՝ ըստ այս խոսքի. <<Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար>> Սաղմ. 118-105
Ավագ չորեքշաբթի՝ Օծում և մատնություն: Այս օրը հիշատակում ենք այն մեղավոր կնոջն, ով յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը: Օծման այդ դեպքին հաջորդեց Քրիստոսի մատնությունը:
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք, հաղորդության խորհրդի հաստատում, ոտնլվա: Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսոս վերնատանը վերցնելով հացն ու գինին, որպես խորհրդանիշ իր մարմնի և արյան, օրհնեց ու բաշխեց իր աշակերտներին՝ հորդորելով այն անել իր հիշատակի համար: Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ՝ խաչվելով. Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի կատարումով, որը սուրբ սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն են և հոգևոր սնունդ:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը, որը հիշատակումն է վերջին ընթրիքից հետո Հիսուսի կողմից աշակերտների ոտքերը լվալը, որն էլ խոնարհության նշան էր: Հնում սովորություն էր, որպես մեծարանքի նշան, հյուրերի և մեծերի ոտքերը լվանալ: Եկեղեցականները տասներկու մանուկների հետ Սուրբ Խորան են բարձրանում, որտեղ հոգևորականները Խաչով և Ավետարանով օրհնում են ջուրն ու յուղը, ապա լավանում է փոքրիկների ոտքերն ու յուղով օծում: Իսկ արարողության ավարտից հետո ժողովրդին բաժանում են օրհնած յուղ, որը գործածում են հիմնականում հիվանդությունների ժամանակ կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ավագ հինգշաբթի ոտնլվայից հետո կատարվում է Խավարման արարողությունը:
Ավագ ուրբաթ՝ Խաչելություն և թաղում: Այս օրը եկեղեցին հիշատակում է Հիսուս քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը: Զատկական ընթրիքից հետո Գեթսեմանիի այգում, Հուդայի առաջնորդությամբ հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին: Այդ պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները, որոնց հիշատակությունները եկեղեցին սրբագործել է հավուր պատշաճի:

One comment on “Ավագ Շաբաթ

  1. Pingback: Ավագ շաբաթ | Մայրենի լեզու դասավանդողի բլոգ

Leave a comment