Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

799px-Inside_Saint_James_Cathedral_in_the_Armenian_Quarter_of_Jerusalem

 

 

 

 

 

 

 

 

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Այն հիմնադրվել է 7-րդ դարում և աթոռանիստը Ս. Հակոբյանց վանքն է: Երուսաղեմում հայերը բնակություն են հաստատել դեռևս քրիստոնեության տարածման առաջին իսկ դարերից: Արդեն 4-րդ դարում Երուսաղեմում կային հայկական վանքեր ու եկեղեցիներ: Սուրբ Հակոբյանց վանքի միաբանությունը հիմնվել է Սիոն լեռան վրա: Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետն է եղել Հակոբոս Տյառնեղբայրը: Ընդհանրական եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն հայկական վանքերն իրենց առաջնորդներով և վանականներով մինչև 6-րդ դարի կեսը գտնվել են Երուսաղեմի պատրիարքի իշխանության ներքո: Երբ Երուսաղեմի պատրիարքությունը բյուզանդական կայսրության ճնշման ներքո 6-րդ դարի կեսին վերջնականապես ընդունել է քաղկեդոնական դավանանք, Երուսաղեմի Հայ եկեղեցին առանձնացել է և 7-րդ դարում ձևավորվել է Երուսաղեմի Հայոց Պատրիքրքությունը: Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրապետական աստիճանն արքեպիսկոպոսությունն է, իսկ պատրիարք կոչումը վարչական անվանում է, որը քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի հայոց արքեպիսկոպոսներին՝ նրանց ինքնավարությունն ու անկախությունն այլ եկեղեցական աթոռից հաստատելու և Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար: Այդ պատճառով էլ Երուսաղեմի հայոց պատրիարքները հաճախ կոչվել են Երուսաղեմի արքեպիսկոպոսներ:
7-րդ դարում արաբները Երուսաղեմի հայոց միաբանությանը տվել են հունաց ուղղափառ պատրիարքին հավասար իրավունքներ: Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, առաջին պատրիարք Աբրահամը (638-669) մեկնել է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստացել է մի հաստատագիր, որով Հայոց պատրիարքությունը անջատվել է հունականից, հայոց սեփականություն են ճանաչվել Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարը, Ս. Հարություն տաճարի մի կարևոր մասը, ինչպես նաև Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի ձորը և այլն: Եթովպացիները, ղպտիները և ասորիները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքությանը: Իրար հաջորդած բոլոր իշխանությունները (արաբների, խաչակիրների, մամլուքյան, օսմանյան, բրիտանական, հորդանանյան, իսրայելական) վերահաստատել են հույների և լատինների հետ հայերի հավասարազոր իրավավիճակը Երուսաղեմի և ամբողջ Սուրբ երկրի քրիստոնեական սրբատեղերի նկատմամբ: Կիլիկիայի հայկական իշխանության և թագավորության շրջանում (11-14-րդ դարեր) հայոց իշխանների և թագավորների քաղաքական պաշտպանության և նվիրատվությունների շնորհիվ Հայոց պատրիարքությունը ամրապնդել է իր իրավունքները սրբատեղերի նկատմամբ և բարձրացրել իր հեղինակությունը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Սարգիսը, չենթարկվելով 1307 թվականի Սսի ժողովի որոշումներին, Հայ եկեղեցու վարդապետությունը անաղարտ պահելու համար Եգիպտոսի սուլթանից հրովարտակ ձեռք բերելով՝ անջատել է իր Աթոռը Կիլիկիայի քաղաքական և եկեղեցական իշխանությունից:
Դարերի ընթացքում, հակառակ բազում դժվարությունների և անհավասար պայքարի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կարողացել է պաշտպանել հայոց իրավունքները Հույն և Լատին երկու մեծ եկեղեցիների և նրանց պաշտպան տերությունների ոտնձգություններից:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ծաղկում է ապրել հատկապես Եղիշե արք. Դուրյան (1921-1930) և Թորգոմ արք. Գուշակյան (1931- 1938) պատրիարքների օրոք: Սուրբ Հակոբյանց վանքում է գտնվում Երուսաղեմի ձեռագրատունը՝ Երևանի մատենադարանից հետո, աշխարհում հայկական ձեռագրերի երկրորդ հավաքածուն: 1866 թվականից լույս է տեսնում Հայոց Պատրիարքության պաշտոնական <<Սիոն>> ամսագիրը:

ՔԴՔԿ

Նյութի նկարը՝ Հայկական Վիքիպեդիա ազատ հանրագիտարան կայքի

Leave a comment